Նախորդ երկու օրվա ընթացքում Հալեպի հայաշատ թաղամասերում հրասանդներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ մարտի 18-ի հետմիջօրեին Հալեպի միջնաբերդի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: Աղբյուրի տեղեկացմամբ, պայթյունը տեղի է ունեցել գետնանցումում, որը երկրաշարժի նման ցնցել է քաղաքը: Պատճառած վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Իսկ ավելի վաղ՝ մարտի 17-ին, 5 հրասանդ ընկել են Ազիզիե հայաշատ թաղամասում: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն գրանցվել:

 

Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, ապա աղբյուրը տեղեկացրեց, որ այն համեմատաբար ավելի երկար է լինում օրվա ընթացքում: Իսկ շուկայում մեծ տագնապ չի նկատվում, թեև բարձր գներով, սակայյն կարելի է գտնել և’ վառելիք, և’ հաց:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, երկրի բանակը հարձակվել է Հալեպի Սախուր, աշ Շաար, Հանանու, Բուսթան ալ Կասր թաղամասերի զինյալների հավաքատեղիների վրա, ինչի արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: 9 միլիոն սիրիացիներ, ստեղծված իրավիճակից ելնելով, ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից: Նրանցից մոտ 5 միլիոնը բնակություն են հաստատել հարևան երկրներում: