Դամասկոսի Հարասթա արվարձանում օգոստոսի 8-ին հրասանդ է ընկել, որի հետևանքով 5 խաղաղ բնակիչներ են վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ՝ հրասանդն ընկել է Օթոստրադ Հարասթա շրջանում՝ ուղևորատար փոքր ավտոբուսի վրա:
Հարասթա և Դումա բնակելի շրջաններում, ինչպես նաև հարակից ագարակներում, տարածվել են ահաբեկչական խմբավորումները, մասնավորապես «Ջեյշ ալ Իսլամ», «Լուա ալ Իսլամ», «Լուա Ֆաջր ալ Ումմա» խմբավորումները, որոնք պարբերաբար հարձակումներ են իրականացնում անվտանգ թաղամասերի վրա:
Սիրիական բանակը Դարաայի նահանգում գիշերը և այսօր առավոտյան լուրջ վնասներ են հասցրել «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը: Մասնավորապես Բուսրա աշ Շամ քաղաքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը:
Բանակն ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ Լաթաքիայի հյուսիսային շրջաններում ահաբեկիչների թաքստոնցեր է ոչնչացրել:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: