Դամասկոսի հյուսիսային մուտքի մոտ հրասանդ ընկնելու հետևանքով 5 խաղաղ բնակիչներ են վիրավորվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդն ընկել է կենցաղային ջեռուցիչների գործարանի վրա, որի հետևանքով վիրավորված 5 աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց:
Ահաբեկչական հարձակման հետևանքով գործարանը մեծ նյութական վնասներ է կրել:
Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա արվարձանի մերձակայքում թունել է հայտնաբերել, որի երկարությունը 160 մետր է, իսկ խորությունը' 7 մետր: Թունելը երկու ճյուղի էր բաժանվում, որոնցից մեկը տանում էր դեպի մարզպետարանին պատկանող շենք:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Դարաայի շրջանում ահաբեկչական կազմակերպությունների թաքստոցներ են ոչնչացվել: Զինյալները լուրջ վնասներ են կրել Դարաայի Բուսրա Շամ քաղաքում, ոչնչացվել են նրանց մեծ քանակությամբ զենքերը: Մեծ թվով ահաբեկիչներ սպանվել են Դարաայի Օթման և Տաֆս բնակավայրեր մտնելու ժամանակ:
Մյուս կողմից' Դեր Զորի մի քանի շրջաններում և մերձակա գյուղերում «Իսլամական պետության» ահաբեկիչներ են սպանվել: Բունմար, Մուհսին գյուղերում, բացի տասնյակ ահաբեկիչներից, ոչնչացվել են մեծ քանակությամբ զենքեր:
ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 3.5 տարվա բախումների հետևանքով Սիրիայում մոտ 200 հազար մարդ է զոհվել: