Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում մարտի 30-ին երկու հրթիռ են ընկել, որոնց հետևանքով մեկ զոհ և 30 վիրավոր է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հրթիռներն ընկել են Տարիկ բն Զիյադ փողոցում՝ Համիդիե հայտնի շուկայի մերձակայքում: Գրանցվել են նյու թական վնասներ: Եվս մեկ ռումբ ընկել է «Թիշրին» ռազմական հիվանդանոցի մոտ, որի հետևանքով մեկ բուժքույր է զոհվել:

 

Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Զաբադանիի շրջանում՝ ամբողջովին հսկողություն հաստատելով 1715 բարձունքի վրա: Բախումների ժամանակ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել: Ավելի վաղ բանակը հակառակորդին դուրս էր մղել Ջաբալ Զաբադանիի արևմտյան հատվածում գտնվող մի քանի կետերից, որոնք են Ռաս ալ Խաշաան, Շիր ալ Կարնան, Շիր ալ Հաուան, Ջաբալ Շեյխ Մանսուրը, Ռաս ալ Կարնը և այլն:

 

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, բանակը շարունակում է ռազմական գործողությունները լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Ջաբալ Զաբադանիի շրջանում, որտեղ գործում են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները:

 

Ջերուդ Ֆլետա լեռնային շրջանում 13 ահաբեկիչ են սպանվել: Զինված խմբավորումները մեծ վնասներ են կրել Հոմսի մարզում: Մասնավորապես, Անակ ալ Հաուա գյուղաքաղաքում և Ռահում գյուղում «Իսլամական պետության» անդամներ են սպանվել ու վիրավորվել:

 

Վերջին մի քանի օրում Դամասկոսում և մերձակա շրջաններում 193 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում չորս տարի շարունակվող բախումների հետևանքով զոհվել են ավելի քան 220 հազար մարդ: