Հոմսի Զահրա թաղամասում հոկտեմբերի 29-ին ականապատ մեքենա է պայթել: Պայթյունի հետևանքով 12 քաղաքացի զոհվել, ևս 38-ը վիրավորվել են: Նրանցից 3-ի վիճակը ծանր է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ուժգին պայթյունից խոշոր վնասներ են կրել բնակելի շինությունները, մոտակայքում գտնվող խանութները և մեքենաները:

 

Մյուս կողմից Հոմսի աշ Շաար գազային դաշտում շարունակվում են բախումները սիրիական բանակի և «Իսլամական պետության» միջև: Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազիի խոսքով՝ կառավարական ուժերը տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացրել: Նա նաև ավելացրել է, որ առաջիկա 72 ժամվա ընթացքում աշ Շաարն ամբողջովին կազատագրվի ԻՊ-ից: Ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ նաև օդային հարվածներ են ուղղվել, ինչի արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել է նրանց ռազմական տեխնիկան:

 

Մարզպետի խոսքով' իրավիճակն աստիճանաբար փոխվում է բանակի օգտին:

 

Ապստամբները Սիրիայի ամենամեծ գազային դաշտը գրավել էին հուլիսի 17-ին: Բախումների ժամանակ զոհվել էր 270 զինծառայող և աշխատակից: