Եգիպտոսի Սինա թերակղզու հյուսիսում, բանակի հսկիչ-անցագրային կետի մերձակայքում հոկտեմբերի 24-ին ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով եգիպտացի 10-ը զինվորներ զոհվել են, ևս 27-ը՝ վիրավորվել:

 

Ինքնաշեն պայթուցիկ սարքավորումը պայթել է Շեյխ Զուեյդ քաղաքում: Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ անցակետով անցնում էր զրահամեքենաների շարասյունը: Անվտանգության ուժերը շրջապատել են տարածքը, և աշխատանքներ են տարվում՝ պարզելու դեպքի հանգամանքները:

 

Եգիպտոսում Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալումից հետո անվտանգության ոլորտում իրավիճակը չի կարգավորվել: Հատկապես Սինա թերակղզում հաճախակի են ահաբեկչությունները: