Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում աղետի հետեւանքով 301 հանքափորների զոհվելու կապակցությամբ բողոքի ակցիայի ժամանակ մայիսի 22-ին երիտասարդ ստամբուլցի Ուղուր Քուրթի գլխից ծանր վիրավորվելու եւ հիվանդանոցում մահանալու հետ կապված' երեկ գիշեր Ստամբուլի Օքմեյդան, Սուլթանգազի եւ Սանջաքթեփե շրջաններում բողոքի դուրս եկած ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է CNNTurk հեռուստաալիքը, Օքմեյդանում մի ցուցարարի կողմից պատրաստված ինքնաշեն ռումբի պայթյունից տուժել են 7 ոստիկան եւ 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը ծանր բեկորային վիրավորում է ստացել գլխից:
Ցուցարարները փողոցները փակել են աղբամաններով եւ իրավապահների վրա քարեր ու դյուրավառ հեղուկով լի շշեր նետել: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր է կիրառել:
Ստամբուլում եւ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաները սկսվել են Սոմայի ածխահանքում մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած վթարից հետո, որի արդյունքում 301 մարդ զոհվել, 487 մարդ վնասվածքներ են ստացել: Ցուցարարները աղետի համար պատասխանատու են համարել թուրքական կառավարությանը' նրան մեղադրելով հանքում անվտանգության կանոնները պատշաճ մակարդակի վրա չպահելու եւ անտարբերություն ցուցաբերելու մեջ: