«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ կուսակցության օրակարգում կառավարության հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Տիգրան Ուրիխանյանի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է, որ նախօրեին տեղի ունեցած Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան հանդիպման ընթացքում ԲՀԿ առաջնորդի կողմից դրվել են նույն խնդիրները, և տեսակետների փոփոխություն չի եղել:

 

«ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա: ԲՀԿ ևս մեկ անգամ շեշտել է, որ այս փուլում դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, և որ ներկայումս առաջին հերթին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ»,- ասված է հայտարարության մեջ:

 

ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ն որպես քաղաքական մեծամասնություն՝ պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ: Հիշեցնենք, որ կուսակցության ԳՄ և խորհրդի նիստերում հաստավել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: