Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն ապրիլի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգարժան պրն Աբրահամյան,

 

ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող' Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող եք ծառայացնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը: Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի: Մեր անկախության սկզբից ի վեր ՀՀ իշխանությունները սերտ գործնական ու բարեկամական հարաբերություններ են պահպանում հայկական երկրորդ հանրապետության հետ և հնարավորինս աջակցում նրա զարգացմանն ու ամրապնդմանը: Լիահույս եմ, որ Դուք խորացնելու եք այդ ավանդույթը և այսուհետ Ձեր առնչություններն ու համագործակցությունը Արցախի կառավարության, իշխանության մյուս թևերի և հասարակության հետ լինելու է առավել ծավալուն ու բազմակողմանի:

 

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ նոր պաշտոնում»: