Հայկական հարցը մեծ բեռ է թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Թուրքիա այցելած նախագահ Ջոն Բեյների հետ հանդիպմանն ասել է թուրքական Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Չիչեքը նշել է, որ խորհրդարանները պետք է կառուցեն այսօրն ու ապագան, իսկ անցյալը խորհուրդ է տվել թողնել պատմաբաններին: «Եթե խորհրդարանները սկսեն պատմական իրադարձությունների հետ կապված որոշումներ կայացնել, ապա դա կվնասի խաղաղությանը, բարեկամությանն ու երկկողմ հարաբերություններին»,- ասել է Մեջլիսի նախագահը: Նա հերթական անգամ կրկնել է թուրքական կառավարող շրջանակների հայտարարությունն այն մասին, թե խնդիրը չպետք է լուծի օրենսդիր մարմինը, այլ այն պետք է ուսումնասիրեն պատմաբաններն ու գիտնականները:

 

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ. նշելով, որ ավելի քան 24 տարի Կոնգրեսում է աշխատում' Բեյներն ընդգծել է, որ ժամանակ առ ժամանակ այստեղ Հայկական հարցի վերաբերյալ թեման գալիս է օրակարգ: «24 տարվա ընթացքում մշտապես ասել եմ հետևյալը. մենք օրենսդիրներ ենք, մենք պատմությունը գրող անձինք չենք: Այդ պատճառով մի անհանգստացեք, մեր կոնգրեսն այդ խնդրի մեջ չի ներառվի: Մենք պատմություն չենք գրում, պատմաբան չենք»,- հայտարարել է Բեյները:

 

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Բանաձևն անցել է 12 կողմ և 5 դեմ ձայներով: Առաջարկվում է Սենատին 2014թ. ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: