Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, դիմելով բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում Թուրքիայում ատոմակայանների կառուցմանը, Ալբայրաքը ուղղորդել է Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանի դեմ:

 

 

Նախարարը նշել է, թե Թուրքիայի սահմանից 10-20 կմ հեռավորության վրա գտնվող ատոմակայանը «աշխարհի համար շատ լուրջ սպառնալիք է»: «Ձեր էներգիան օգտագործեք Հայաստանի ատոմակայանի դեմ բողոքելու համար: Այդկերպ Թուրքիային ավելի մեծ ծառայություն մատուցած կլինեք»,- ասել է Էրդողանի փեսան:

 

 

Ալբայրաքը, սակայն, մոռանում է, որ փորձագիտական տարբեր գնահատականներով' Հայաստանի ատոմային էլեկտրակայանը բացարձակ անվտանգ է շահագործման համար: Դրա մասին է վկայում նաև ՄԱԳԱՏԷ-ի առաքելության իրականացրած Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննությունը: Արձանագրվել է, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին: