ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը 2014թ. մայիսին մեկնարկում են «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը' «Մեկ տանիքի ներքո» խորագրով:
Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամներից է կինոռեժիսոր, ԵՊՄՀ դասախոս «Օրդֆիլմ» ընկերության հիմնադիր Հայկ Օրդյանը, ով իր խոսքում նշեց.
«Ես, որպես մասնագիտական հանձնախմբի անդամ, առհասարակ, շատ քիչ փառատոների եմ մասնակցում: Սակայն «Արտ Ֆեստ» փառատոնն իմ ուշադրությունը գրավեց նախևառաջ երիտասարդական լինելով: Երկրորդը, Երևանից դուրս՝ մարզերի մշակութային կյանքին ծանոթանալու բացառիկ հնարավորության համար: Անցյալ տարվա փառատոնին ինձ համար անակնկալ էին Գյումրիի երիտասարդ կինոռեժիսորների ֆիլմերը: Իմ կարծիքով' «Արտ Ֆեստը» մեր երկրում երիտասարդների ինքնաարտահայտման հազվագյուտ հարթակներից մեկն է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է աջակցի դրա կայացմանն ու հետագա ընդլայնմանը: «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնին մաղթում եմ առավել գունեղ և բազմաբնույթ ստեղծագործություններ: Մենք «Օրդֆիլմ» ընկերության կողմից ևս մեկ անգամ կհանձնենք ֆիլմ նկարահանելու հատուկ մրցանակ՝ մեր կողմից ընտրված երիտասարդ կինոռեժիսորին:
Շնորհակալություն կազմակերպիչներին և հատկապես Էրիկ Բարսեղյանին, որի ոգևորությունը վարակիչ է և հուսադրող»: