Համացանցում է հայտնվել Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցող անկարգությունների քարտեզը: Արևելյան Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները շարունակում են գրավված պահել Դոնեցկի շրջանի որոշ քաղաքներ: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ТСН-ին:

 

 

Այսպես, Գորլովկայում զինված անձինք վերահսկողության տակ են վերցրել ոստիկանական բաժանմունքը: Ժդանովկայի քաղաքապետարանի շենքում շարունակում է ծածանվել, այսպես կոչված, «Դոնեցկի Հանրապետության» դրոշը: Անջատողականները հայտարարում են, որ քաղաքի իշխանությունն իրենց կողմն է:

 

Ցուցարարների վերահսկողության տակ են մնում Մակեևկի քաղաքային խորհուրդը, Մարիուպոլի քաղաքապետարանը, Կրամատորսկի քաղաքային խորհուրդը, Խարցիզսկի գործադիր կոմիտեն, իսկ Ենակիևում քաղաքային խորհուրդը և ոստիկանությունը:

 

Սլավյանսկում բացի գրաված ոստիկանության և ՈՒԱԽ-ի բաժանմունքից, ռուսամետ ցուցարարները տեղադրել են նաև 7 անցակետ:

 

Ուկրաինայի արևելյան շրջաններում շարունակվում են զինված անկարգությունները: Անջատողականները Դոնեցկի մարզում շարունակում են դիմադրություն ցույց տալ, չնայած Կիևի վերջնագրին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինով հրամանագիր է ստորագրել հակաահաբեկչական գործողություններ սկսելու մասին: