Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է գրավել Ստարոմարևկա գյուղը, որը գտնվում է «գորշ գոտում»՝ Ուկրաինայի և ԴԺՀ-ի կողմից վերահսկվող տարածքների սահմանազատման գծի հարավում։

«Բնակավայրի հետ մեր կապը պարբերական բնույթ ունի, քանի որ այն խլացվում է ուկրաինական ստորաբաժանումների կողմից: Մենք ունենք այնտեղ բնակվող անձանց ամբողջական ցուցակը: Այնտեղ կան և երեխաներ, և տարեցներ: Հիմա գյուղը խաղաղ ճանապարհով ազատագրելը խնդրահարույց է, հենց բնակավայրի ներսում արդեն անցակետեր են տեղադրվել, կան այլ ամրաշինական կառույցներ»,- նշել է Պուշիլինը՝ հավելելով, որ այդ տարածքներում զինված գործողությունները կարող են վտանգել խաղաղ բնակչության կյանքը: Նա հավելել է, որ ստատուս-քվոյի վերականգնման նպատակով ներգրավվել են միջազգային կառույցները:

Ուկրաինական ուժերի կողմից գյուղի գրավման ֆոնին իրավիճակը շփման գծում էլ ավելի է սրվել։ Հոկտեմբերի 26-ի առավոտից մինչև ուշ գիշեր Կիևի զորքերը հարվածներ են հասցրել բոլոր ուղղություններով՝ օգտագործելով հրետանի, ականանետեր, հետևակի մարտական մեքենաներ և նռնականետեր։