Թուրքիայի բանակում հայ եւ ալեւի զինծառայողներին համարակալելու եւ քարտավորելու միջոցառումներ են սկսվել: Այդ երկրի ռազմածովային ուժերի Գյոլջուքի ռազմաբազայում հաշվառել են ազգությամբ ոչ թուրք սպաներին եւ ենթասպաներին' ելնելով նրանց ազգային պատկանելությունից, դավանանքից, ընթերցած թերթերից, նյութական կարողություններից եւ անգամ նրանից, թե ինչ միջոցառումների են նրանք մասնակցում ազատ ժամանակ:

 

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի ձեռք բերած ցուցակում նշված են համարակալված զինծառայողների զինվորական աստիճանը, անուն եւ ազգանունը, բնութագրական հատկանիշները: Դրանց թվում են նրանց էթնիկ եւ դավանաբանական պատկանելության' հայ եւ ալեւի լինելու, ինչպիսի սրբատեղիներ հաճախելու մասին տվյալները: Թերթը բացահայտված ցուցակից մեջբերել է հետեւյալ գրանցումը. «Ավագ սերժանտ Ս.Յ.-ն ալեւի է, մասնակցել է բեկթաշիների միջոցառումներին, նրան կարելի է ֆինանսապես շահագործել: Ավա գ սերժանտ Է.Թ.-ն հայ է, խորհուրդ է տրվում նրան նախ դաստիարակել, հետո օգտագործել»:

 

Թերթը նշում է, որ թուրքական բանակից այդ լուրի արտահոսքով արդեն զբաղվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Նշվում է նաեւ, որ նման հաշվառման եւ համարակալման ենթարկված անձինք դիմել են ռազմական եւ քաղաքացիական ատյաններ' բացահայտելու իրենց նկատմամբ կատարված անօրինականությունը: