Թուրքիայի Բաթմանի նահանգի Քոզլուք քաղաքի Գյումուշօրգու ժանդարմական պարեկային կետում զինծառայության ժամանակ, 2011 թվականի ապրիլի 24-ին իր ծառայակից Քըվանչ Աղաօղլուի զենքի կրակոցից սպանված հայազգի զինվոր Սեւակ Բալըքչըի սպանության գործով վկաները շարունակական ճնշումների են ենթարկվել , որպեսզի փոխեն նախնական ցուցմունքները:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս» թերթին հայտնի է դարձել սխալ ցուցմունք տալու գործով անցնող վկա Հալիլ Էքշիի' դատարանում արած այն հայտարարությունից: Նա խոստովանել է, որ Քըվանչ Աղաօղլուի հարազատները անձամբ իրեն ճնշումների են ենթարկել, ինչին չդիմանալով, ինքը փոխել է նախնական ցուցմունքը:

 

Նախնական ցուցմունքում սպանությանն ականատես Էքշին հայտնել էր, որ Աղաօղլուն Սեւակին սպանել է դիտավորյալ, իսկ դատարանում փոխել է ցուցմունքը եւ հայտնել, թե «վիճաբանություն չի եղել, միջադեպը տեղի է ունեցել կատակ անելու ժամանակ' ոչ դիտավորյալ»:

 

Սակայն, Սեւակ Բալըքչըի ընտանիքի բողոքից հետո Էքշին կրկին ցուցմունք է տվել, որ դատարանում ցուցմունքը փոխել է Աղաօղլու ընտանիքի մերձավոր Բյուլենթ Քայայի ճնշումների տակ, ով եւս հետաքննվում է որպես մեղադրյալ: Այդըն քաղաքի թիվ 3 քրեական դատարանում ընթացող դատավարության ժամանակ Էքշիի ընտանիքը եւս հայտնել է, որ իրենց որդուն ճնշումների է ենթարկել եւ սպառնացել Աղաօղլուների ընտանիքը:

 

«Բանակից վերադառնալուց հետո որդիս պատմել էր, որ իր ծառայության ընթացքում սպանության դեպք է եղել զորամասում, սպանողը Քըվանչ անունով մի տղա է: Նրա վերադառնալուց մեկ ամիս չանցած' մեր տուն է զանգահարել Քըվանչի քեռի ներկայացած մի մարդ եւ հայտնել, որ ցանկանում է հանդիպել որդուս հետ: Վախից ես նրան չեմ հայտնել որդուս աշխատավայրի տեղն ու հեռախոսահամարը:

 

Տվեցի ամուսնուս հեռախոսահամարը: Հետո մի քանի անգամ զանգահարեց նաեւ Քըվանչի քրոջ որդի ներկայացած մեկը, որը ցանկանում էր խոսել որդուս հետ: Ես նրան եւս չհայտնեցի որդուս հեռախոսահամարը: Բայց նրանց հաջողվել է կապվել որդուս հետ այն բանից հետո, երբ նրա հեռախոսը սկսել էր օգտագործել ավագ որդիս», -դատարանում ասել է Հալիլ Էքշիի մայրը' Դուրդանե Էքշին:

 

Հալիլին շարունակաբար ճնշումների ենթարկելու մասին դատարանում պատմել է նաեւ նրա հայրը' Զուլֆիքար Էքշին: «Տղայիս բանակից վերադառնալուց հետո նրան հաճախ զանգահարում էին: Հալիլն ինձ ասաց, որ իրեն սպառնում են: Մի օր ես նրա հետ գնացի այդ մարդկանց հետ հանդիպելու: Նրանք ինչ-որ թղթեր ցույց տվեցին եւ ասացին, որ պետք է ինչ-որ բան կարգավորել դրանց մեջ: Ես առարկեցի: Նրանք հավատացրեցին, որ ցուցմունքը չի փոխվելու, եւ Հալիլի հետ գնացին դատախազություն», - դատարանում ասել է Հալիլի հայրը:

 

Հալիլի ավագ եղբայրը եւս դատարանում պատմել է, որ եղբոր հեռախոսն իր մոտ լինելու շրջանում շարունակաբար սպառնալիքներ է հնչել: «Քըվանչի քույրն ու քեռին շարունակաբար պնդում էին, որ եղբայրս պետք է փոխի սպանության հետ կապված նախնական ցուցմունքը, հայտնի, որ սպանությունը դիտավորյալ չէ, այլ դժբախտ պատահար է: Հեռախոսային զանգերի ժամանակ ես եղել եմ եղբորս կողքին: Երբ եղբայրս ասաց, որ ցուցմունքը չի փոխելու, նրանք սպառնացին, թե «կգործեն այլ մեթդներով»«,- ասել է Հալիլի եղբայրը:

 

Կողմերի հայտարարությունները պատրաստելու համար դատարանը հետաձգել է դատալսումը:

 

Բալըքչը ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը գտնում է, որ Էքշի ընտանիքի ցուցմունքը ազդելու է Վճռաբեկ դատարանի որոշման վրա, որը պետք է վճիռ ընդունի վկաներին կրկին հարցաքննության ենթարկելու մասին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ վկաները գտնվում են շարունակական ճնշումների եւ սպառնալիքների տակ, ինչն ապացուցում են նրանց այս հակասական ցուցմունքները: Այսքանից հետո մենք պետք է պահանջենք արդարացի դատավարություն», - հայտարարել է փաստաբանը:

 

Սեւակ Բալըքչըի սպանության հետ կապված' մեղադրյալ Աղաղօղլուն 4 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ «չգիտակցված մեղք» գործելու համար:

 

Սեւակ Բալըքչըի ծնողները հայտարարել են, որ որդուն սպանել են դիտավորյալ եւ կանխամտածված' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը' ապրիլի 24-ին: