Այսօր հայ մեծանուն քաղաքական և պետական գործիչ, 1974-88թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, 1999-ին՝ Անկախ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 82 տարեկան։
Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին Երևանում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում:
1949-ին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954-ին՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն:
Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը:
1966թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, ապա՝ 1971 թ. նոյեմբերի 1՝ երկրորդ քարտուղար:
1972թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ:
1974թ. նոյեմբերին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար:
1974թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ: Պարգևատրվել է՝ Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով:
1991թ. մինչև 1999 թ. Կ.Ս. Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն:
Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կ.Ս. Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեության: 1998 թ. նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու:
1999թ. մայիսին Կ.Ս. Դեմիրճյանը ընտրվում է Ազգային ժողովի նախագահ:
Կ. Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:
Սակայն 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ Կ. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը՝ կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ:
Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:
Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից օրեր առաջ, նա իր եղբորը՝ Կամո Դեմիրճյանին ասել էր հետևյալ խոսքերը. «Կամո՛, իմացի՛ր, ինձ սպանելու են»: