Նոր տեխնոլոգիաների կիրառում, փոքրիկ կինոսրահներ, հպումով էկրաններ. ուղիղ մեկ տարի անց այս և շատ այլ նորարարությունների միջոցով կներկայացվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը: Ապրիլի 18-ին կառույցի նոր վարչական մասնաշենքում հրավիրված ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնեց, որ առաջիկայում մեկ այցը բավական չի լինի թանգարանի բոլոր ցուցանմուշներին ծանոթանալու համար, այլ միայն երկրորդ-երրորդ այցելության ժամանակ հնարավոր կլինի ստանալ ամբողջական պատկերացում, նոր տեղեկատվություն թանգարանի ողջ ցուցադրության վերաբերյալ, ինչը նա գիտական, հավաքչական աշխատանքի արդյունք է համարում:

 

«Նոր կառույցում է տեղաբաշխված թանգարանի վարչական մասը, պահոցները բավական ընդարձակ են: Ապրիլի 21-ին այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ժամանակավոր ցուցադրության հետ Փոքր սրահում»,-հայտնեց Դեմոյանը:

 

Նրա տեղեկացմամբ, վարչական մասը կունենա նաև նոր սրահ'գիտաժողովներ անցկացնելու համար:

«Ճիշտ մեկ տարի անց թանգարանը կներկայանա մշտական ցուցադրությամբ: Այն բացառիկ է լինելու ցուցադրության նյութի ընդգրկմամբ, որակով, գիտականությամբ»,- ընդգծեց Դեմոյանը:

 

Թանգարանի 2015 թվականի մարտին բացվող նոր ցուցադրությունը երկուս և կես անգամ ավելի մեծ կլինի:

«Շուրջ 200 անգամ ավել է լինելու ներառվող նյութը' բնօրինակները, ոչ թե թվայնացված նյութերը»,- լրագրողների ուշադրությունը այս փաստի վրա հրավիրեց բանախոսը' ավելացնելով, որ նոր ցուցադրությունում կիրառվելու են ժամանակակից դիզայներական լուծումներ, որոնք ընդունելի են համաշխարհային դիզայներական պրակտիկայում:

 

Դեմոյանը պատմեց, որ վերջին ութ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտը նվիրատվություններ է ստացել եղեռնի զոհերի, մազապուրծ փրկվածների ժառանգներից, անհատներից: Ցեղասպանագետ Իսրայել Չարլին իր ամբողջ գրականությունը' շուրջ 1000 հատորից ավելի հրատարակություններ, նվիրել է թանգարան-ինստիտուտին:

 

Դեմոյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը դառնալու է լավ հարթակ երկարաժամկետ հետազոտություններ իրականացնելու համար, որոնք կունենան նաև միջազգային գիտահետազոտական նշանակություն:

 

«Հետևողականորեն աշխատանք է տարվում միջազգային համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ, պայմանագիր է կնքվել Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ»,- նշեց Դեմոյանը:

 

Պայմանագիր է կնքվել նաև Ռուսասատանի «Հոլոքստ» հիմնադրամի հետ, որը դաշնության 40 սուբյեկտներում ունի մասնաճյուղեր, և այս կառույցի հետ աշխատանք է տարվելու գրականություն թարգմանելու ուղղությամբ: Նախատեսվում է պայմանագրերի ստորագրում Փարիզի «Հոլոքոստի» փաստագրության խոշորագոււյն կենտրոնի հետ:

 

Եռապատկվել է Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակի հայտերի քանակը: Այժմ թանգարանում իր գիտական թեզի վրա է աշխատում Թուրքիայից ժամանած մի ասպիրանտ, ով զբաղվելու է ցեղասպանության հիշողության, մոռացության և Թուրքիայի կողմից ժխտողականության ուսումանսիրմամբ:

 

«Սա ևս արդյունքներից մեկն է, որն ունի թանգարանը: Ինտենսիվ աշխատել ենք նոր գրականություն, նոր աղբյուրներ ներկայացնելու ուղղություններով»,- փաստեց Դեմոյանը' կարևորելով, որ նոր հրատարակությունների շարքում տեղ է գտել «Հենրի Մորգենթաուի պատմությունը» աշխատությունը:

 

«Կարևորում ենք նաև մեծարժեքգիտահետազոտական աշխատանքները, Վահագն Տատրյանի կոթողային աշխատությունները հայերեն լույս կտեսնեն հաջորդ տարի»,- ասաց թանրագան-ինստիտուտի տնօրենը:

 

Հրատարակությունների կողքին իր տեղն է գտել նաև կառույցի առաջին պարբերական ցեղասպանագիտական հանդեսը, որը կունենա նաև անգլերեն տարբերակը:

 

Նոր հրատարակություններից Հայկ Դեմոյանի «Թուրքիաի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղի հակամարտությունը» ռուսալեզու աշխատությունը, իր հավաստմամբ, բավականին հաջող շնորհանդես է ունեցել Մոսկվայում, այնտեղի գիտական շրջանակները շատ լավ են ընդունել գիրքը:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թանագարանը շուրջ 20 ժամանակավոր ցուցադրություններով կներկայանա աշխարհի տարբեր ծայրերում, սակայն այդ միջոցառումների ժամկետների և աշխարհագրության մասին դեռևս չի բարձրաձայնվում :

 

Ամբողջական հավաքածուների գիտական ֆոնդերի նյութը թանգարան-ինստիտուտում կրկնապատկվել է' հասնելով 80 հազար բնօրինակ նյութերի:

 

Ամեն օր նամակագրության միջոցով թանգարանը ստանում է նորանոր ցուցանմուշներ: Այսօր փոստի միջոցով թանգարան է հասել 1917 Միացյալ նախագներում լույս տեսած կրծքանշան, որը վկայում է այն մասին, որ 5916 մարդ այդ տարիներին ներգրավված են եղել Հայաստանի և Սիրիայի նպաստամատուցի աշխատանքներում:

 

Դեմոյանը կարևոր արդյունք համարեց նաև Երևանի պետական համալսարանի հետ ցեղասպանագիտության ամբիոնի բացումը, որտեղ մասնագիտացում են անցնում շուրջ յոթ ապագա ցեղասպանագետներ:

 

«Մարտահրավերների թվում է մոտակա տարիներին սերնդափոխության խնդիրը, և այստեղ իզուր չէ, որ Հայաստանի Հանրապետության բուհերից մեկում համագործակցությամբ իրականացվում են այս աշխատանքները»,- կարծիք հայտնեց փորձագետը:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ընթացող շինարարական աշխատանքները կավարտվեն 2014 թվականի հոկտեմբերին, ինչից հետո կմեկնարկեն կառույցի ներքին հարդարման աշխատանքները:

 

Դեմոյանը նշեց նաև, որ մայիսի 27-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվեն առաջիկա անելիքները: Պատասխանելով րագրողների հարցին' նա ընդգծեց, որ հանձնաժողովի աշխատանքների հասցեին ուղղված քննադատական հայտարարությունները հիմնականում թերարժեքության բարդույթ ունեցող մարդկանց գործն է:

 

Նա հայտնեց, որ առաջիկայում թանգարան-ինստիտուտն առավել լայն գործունեություն է իրակայանցելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշակերտների, ուսանողների շրջանում իրազեկվածության բարձրացման, կրթադաստիարակչական աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:

 

Ասուլիսին հաջորդեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր վեց հրատարակությունների, բացիկների և նամականիշների շնորհանդեսը: