Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ «Արմենպրես» -ի հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ.
-Պարո՛ն Սաղաթելյան, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ցույց տալով, որ նախկին հնչած բոլոր թերահավատություններն անհիմն էին, բայց չխոսեց այդ արձանագրությունների ապագայի մասին: Հարցը հետևյալն է. ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:
- Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց մինույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին: