Թավրիզի բժշկական համալսարանի ռեկտոր Մամեդհուսեին Սոմին Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տարեկան մոտ մեկ միլիոն Ադրբեջանի քաղաքացիներ բուժում են ստանում Իրանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Սակայն Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անար Գադիրլին, խոստովանելով հանդերձ, որ մեծ թվով ադրբեջանցիներ գերադասում են բուժվել Իրանում, եւ ոչ թե Ադրբեջանում, իրանցի բժշկի հրապարակած թիվը «չափազանցված» է անվանել: Նա նաեւ նշել է, որ իրենք հաճախ են լուրեր ստանում այն մասին, որ Ադրբեջանի կլինիկաներում ոչ ճիշտ բուժում է կատարվում, ընդ որում' մեծ փողերի դիմաց:

 

«Այո, Ադրբեջանից շատերն են մեկնում Իրան բուժվելու, բայց ոչ այդքան: Վերջին պաշտոնական տվյալներով, ադրբեջանական բժշկական հաստատություններ են դիմելմեկ միլիոն քաղաքացի: Եթե մեզ մոտ բժշկագիտությունը ցածր մակարդակ ունի, ապա մեր քաղաքացիները չէին դիմի հայրենի բժշկական հաստատություններ», -արդարացել է նա:

 

Ադրբեջանի ազատ ձեռնարկատերերի միավորման նախագահ, իրավապաշտպան Էյուբ Հուսեյնովը նշելով, որ Ադրբեջանի բնակչության մեծ մասը բուժվում է Իրանում, virtualaz.org կայքին հայտնել է, որ Իրան բուժման մեկնող ադրբեջանցիների թիվն այնքան մեծ է, որ Ադրբեջանից բուժման համար ժամանած հիվանդների մեծ հոսքը սպասարկելու ենթակառուցվածքներ են ստեղծվել այդ երկրում: Ադրբեջանցի իրավապաշտպանը սաստիկ զարմացել է Ադրբեջանից բուժվող հիվանդներ ընդունելու համար Իրանում ստեղծված պայմաններով: «Իրանում ես մասնա կցել եմ գիտաժողովի եւ անձամբ վկա եղել, թե ինչ հրաշալի պայմաններ են ստեղծվել մեր երկրից հիվանդների համար: Հաշվի առնելով հետազոտության եւ բուժման նպատակով մեր քաղաքացիների մեծ հոսքը' իրանական կողմը հատուկ ենթակառուցվածքներ է ստեղծել, ավտոբուսներ հատկացրել, ինչպես նաեւ հատուկ ոչ թանկ հարմարավետ հյուրանոցներ բացել: Իրանում Ադրբեջանից եկած մեծ թվով քաղաքացիներ են բուժում ստանում», -ասել է նա:

 

Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացիների 10 տոկոսից ավելին վարակված է Hepatit C վիրուսով, Իրանի հիվանդանոցներում Ադրբեջանից ժամանած հիվանդների թիվը հասել է ապշեցուցիչ չափերի, եւ որ փորձագետներն արդեն տագնապի ազդանշան են հնչեցնում:

 

Թերթը հայտնել է, որ ամեն օր բուժման համար Ադրբեջանից Իրան են մեկնում 200-ից ավելի քաղաքացիներ: Թերթը նշում է, որ ադրբեջանցիները գերադասում են բուժում ստանալ Իրանում, քանի որ այնտեղ հետազոտությունները, բուժումն ու դեղորայքը Ադրբեջանի համեմատ էժան են:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ առողջապահական հատվածի վրա ամեն տարի Ադրբեջանի բյուջեից մեկ միլիարդ մանաթի հասնող հատկացումներ են արվում, սակայն, երկրի առողջպահության ոլորտը շարունակում է աղետալի մնալ: