«Գազպրոմ» ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւի գլխավորած պատվիրակությունը մտադիր չէ Թուրքիայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ քննարկել թուրքական կողմին վաճառվող գազի գինն իջեցնելու հարց: Բանակցությունների թեման լինելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գազային ոլորտում համագործակցության գլոբալ հարցերը: Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ կողմերը կքննարկեն Թուրքիայում «Հարավային հոսք» նախագծի իրագործման հեռանկարները: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

 

Թուրքիայի էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ապրիլի 18-ին լրագրողներին հայտարարել էր, որ մտադիր է «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ Անկարայում երկուշաբթի անցկացվելիք բանակցություններում քննարկել Թուրքիային վաճառվող ռուսաստանյան գազի գինն իջեցնելու մասին հարցեր: Թուրք նախարարի խոսքով' «Գազպրոմ»-ի հետ ստորագրված համաձայնագիրը «կապույտ վառելիքի» գինը վերանայելու հարցման իրավունք է վերապահում:

 

Ռուսաստանը Թուրքիա գազի խոշորագույն մատակարարն է: Բացի այդ, Թուրքիանն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը' «Գազպրոմ»-ից վառելիքի գնման ծավալներով: