Թեղուտի հանքավայրում պղնձի և մոլիբդենի հանքաքարի արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանքավայր կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը: «2007թ.-ի նոյեմբերի սկզբից սկսել ենք ակտիվ շինարարական աշխատանքները' զրոյից, և արդեն այս տարվա վերջին նախատեսո ւմ ենք սկսել արտադրությունը»,-ասաց նա:
Մեջլումյանը նշեց, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանում և մշակում իրականացնել: Այդ դեպքում, կախված պղնձի և մոլիբդենի միջազգային գներից, առաջին փուլում սպասվում է, որ ընդհանուր արտահանվող ապրանքների ընդհանուր գինը կլինի շուրջ 150-190 միլիոն դոլար: «Ծրագրի վրա այս պահի դրությամբ 300 միլիոնից ավել գումար է ներդրվել, և արդեն մինչև տարվա վերջ կսկսենք արտադրությունը»,- նշեց Մեջլումյանը:
Մեջլումյանը տեղեկացրեց նաև, որ ընկերությունն այս պահի դրությամբ ունի մոտ 1200 աշխատող, որոնց մեծ մասը հենց Լոռու մարզից են: «Մի քանի տասնյակ աշխատողներ էլ հրավիրված են արտասահմանից, քանի որ որոշ մասնագիտությունների պակաս Հայաստանում կար, ուստի, աշխատողներին հրավիրել ենք նաև դրսից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ 2014թ.-ի մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար դրամ:
Պաշարների մեծությամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972թ. այստեղ իրականացվել են մեծածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է հանքաքարի զգալի պաշար' պղնձի և մոլիբդենի պարունակությամբ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Հանրապետության Նախագահն այցելեց Թեղուտի հանքավայր, շրջեց հանքավայրի տարածքում, այցելեց հանքահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման արտադրամաս: