Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր և հուշարձաններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Թեղուտ» ՓԲԸ մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը: «Դրանց պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ապահովելու համար մշակվել, Մշակույթի նախարարության հետ համաձայնեցվել և իրականացվում է դրանց պահպանման միջոցառումների վ երաբերյալ ծրագիր»,-ասաց նա:
Վահրամ Ավագյանը տեղեկացրեց, որ հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագրի շրջանակներում, ընկերության ֆինանսավորմամբ իրականացվել են հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ: «Այդ աշխատանքներն իրականացվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրույան ինստիտուտի և այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից»,- ասաց նա:
Ավագյանը նաև նշեց, որ ընկերության բոլոր աշխատակիցները, ովքեր աշխատում են հողի հետ, հրահանգավորված են և շատ լավ գիտեն, թե ինչ պետք է անեն, եթե աշխատանքի ընթացքում պատմամշակութային արժեքների հետքեր գտնեն, կամ թեկուզ կասկածեն, որ նման բան են գտել: «Ընկերության քաղաքականությունն է պահպանել մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքերը, որոնք կհայտնաբերվեն այս տարածքում»,- ընդգծեց Ավագյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Հանրապետության Նախագահն այցելեց Թեղուտի հանքավայր, շրջեց հանքավայրի տարածքում, այցելեց հանքահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման արտադրամաս:
Պաշարների մեծությամբ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972թ. այստեղ իրականացվել են մեծածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է հանքաքարի զգալի պաշար' պղնձի և մոլիբդենի պարունակությամբ: