Օրերս մամուլում և սոցիալական ցանցերում տարածվեց տեղեկություն, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, և պոչամբարի պոչերը լցվում են Շնող և Դեբեդ գետերը: Բնակիչների համաձայն` պոչամբարը շատ արագ է լցվում և կարող է պոչամբարի պատվարը չդիմանալ և փլվել:
Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի հետ: Վերջինս նշեց, որ խնդիրը մշտապես առկա է եղել, Հայաստանի բոլոր պոչամբարներից անընդհատ բոլոր թափոնաջրերը բաց են թողնվում Հայաստանի գետերը, բացի Գեղանուշի գետը:
«Պետական մարմինները անգործության են մատնված: Բազմաթիվ լաբորատոր փորձաքննության արդյունքներ կան, տեսանյութեր, ահազանգեր կան ջրերի աղտոտվածության մասին, ինչո՞ւ չեն զբաղվում այդ հարցերով: Մարդիկ ասում են՝ պոչամբարում ճեղքեր կան, բայց մասնագիտական հետազոտություն է պետք անել՝ դա հասկանալու համար, ինչը չի արվում: Պատկան մարմիններն անգործության են մատնված, որովհետև հանքերը Հայաստանում օրենքից դուրս են և համակարգի հետ են աշխատում: Միայն այն դեպքում են հանքերին կպչում, երբ անհրաժեշտություն կա մեկի ձեռքից վերցնել՝ տալ մյուսին, միայն այդ ժամանակ են տեսնում խախտումները, աղտոտումները, թաքցրած հարկերը: Ամեն անգամ պատճառաբանում են, թե վթար էր եղել, տեխնիկական խնդիր էր, աղտոտում չկար և այլն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ չվերահսկելը նշանակում է, որ հանցավոր անգործություն են ցուցաբերում կամ ի վիճակի չեն վերահսկել այդ ընկերություններին, որոնք օրենքից դուրս են Հայաստանում:
Անդրադառնալով Թեղուտի հանքավայրի աշխատանքների դադարեցման հիմնական պատճառներին, Գալստյանը նկատեց. «Հունվարի 10-11-ից Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը դադարեցվել է, սակայն աղմուկից հետո նոր հայտնում են այդ մասին: Ես համոզված եմ, որ պատճառը տեխնիկական խնդիրներն են, մանավանդ՝ պոչամբարի հետ կապված, որովհետև երկու տարի շարունակ խնդիրներ են եղել, չի աշխատել համակարգը, ջրերը բաց են թողնվել»,- նշեց նա:
Աշխարհագրագետի խոսքով՝ ոչ թե ճեղք պետք է ման գան, այլ պետք է ստուգող մասնագետների հետ ուսումնասիրեն՝ արդյո՞ք խոնավացած է պոչամբարը, հիմքի կայունությունը ինչպիսին է, ճիշտ նախագծով է կառուցված, թե ոչ, թեև միջզգային փորձագետներն ասել են, որ սխալ է կառուցված հիմքը և չի համապատասխանում լեռնային սեյսմիկ գոտիների պոչամբարների կառուցման անվտանգության նորմերին. «Այդպես կթացանա, մի օր էլ կարող է պոկվել խոնավությունից: Պետք է գնահատել պոչամբարների կայունությունը, քանի որ բոլոր պոչամբարները Հայաստանում սխալ են կառուցված, անվտանգության նորմերը պահպանված չեն: Սկսած հանքարտադրողներից, վերջացրած պատկան մարմիններով, ամեն անգամ հեքիաթ են պատմում, թե արտանետում չկա գետերում, հինգ օր է՝ աղմուկ է, ի՞նչ է, պետք է արտանետումը շարունակեին, իրենք էլ գնային-տեսնեի՞ն: Այդ դեպքում փորձագետները պետք է գետի նստվածքներից փորձանմուշ վերցնեն, որ հասկանան՝ ինչ ջրեր են հոսել գետը»,- ասաց Գալստյանը:
Նշենք՝ արդեն մի քանի օր է, ինչ խնդիրն աղմուկ է բարձրացրել, սակայն պետական մարմիններն ու «Վալլեքս» ընկերությունը լռում են, և հայտնի չէ, թե իրականում ինչ է կատարվում Թեղուտի հանքում: Սակայն նկատենք՝ խնդիրներն այնքան լուրջ են, որ դադարեցվել է Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը:
Սոնա Հարությունյան
Տեսանյութը և լուսանկարները՝ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության