Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մեծապես աջակցել է «Իթթիհաթ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության մշակած հայերի «աքսորի» քաղաքականությանը: Այս մասին թուրքական HaberTurk պարբերականին ասել է թուրք լրագրող, պատմաբան Մուրաթ Բարդաքչըն, ով 2 008 թվականին հեղինակած «Թալեաթ փաշայի լքված փաստաթղթերը» գրքից հետո 2014 թվականին հրատարակել է «Իթթիհաթականի արկղը» գիրքը:

 

«Գրքի առաջին բաժնի փաստաթղթերում կտեսնեք, որ հայերին սպանած պետական այրերի ընտանիքներին Աթաթուրքի կամքով այդ տարիներին իբրև ծառայություն նյութական օգնություն է տրամադրվել: Այդ օգնությունների աղբյուրը Թուրքիան լքած հայերի մի հատվածի սեփականությունն էր»,- ասել է Բարդաքչըն: Նա խոսել է «Իթթիհաթ վե թերաքքի» կուսակցության մասին' նշելով, որ սկզբում այն գաղտնի կազմակերպություն էր, սակայն հետագայում վերածվեց քաղաքական կուսակցության, որի նպատակն էր նախ վերջ տալ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի իշխանությանը, ապա արդեն կասեցնել կամ գոնե դանդաղեցնել կայսրության կործանման գործընթացը:

 

Անդրադառնալով «Իթթիհաթականի արկղը» գրքին' Բարդաքչըն պատմել է, որ դրանում ներառված փաստաթղթերն իրեն է հանձնել Թալեաթ փաշայի կինը' տիկին Հայրիյեն, ով մահացել է 1983 թվականին: