Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով' ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այց է կատարել Մինսկ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ողջունելով նախարար Նալբանդյանին' նախագահ Լուկաշենկոն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով, ինչպես նաև ընդգծել նման հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգում առկա արդիական հարցերի քննարկման, մտքերի փոխանակման համար:
Բելառուսի նախագահը, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների ջերմ, բարեկամական ու գործընկերային բնույթը, գոհունակությամբ նշել է, որ թեև երկու երկրների միջև առկա չէ հսկայական ապրանքաշրջանառություն, այնուամենայնիվ, զարգացման տեմպերը գոհացնող են, իրականացվել է մեծ աշխատանք տնտեսական կապերի ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է նաև, որ անհրաժեշտ է կանգ չառնել ձեռքբերվածի վրա և զարգացնել հաջողությունները: «Մենք հսկայական ապրանքաշրջանառություն չունենք: Բայց, հաշվի առնելով, որ զրոյական ցուցանիշ ենք ունեցել, այսօր արդեն կարող ենք մեծ առաջընթացի մասին խոսել»,-ասել է Բելառուսի նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելառուսի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույնները և նշել, որ նախագահ Լուկաշենկոյի՝ անցյալ տարվա մայիսին Հայաստան կատարած այցելությունը և նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր խթան հանդիսացան երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, որոնք իրապես շատ ակտիվ և դինամիկ են:
Նախարար Նալբանդյանն անդրադարձել է նաև միջկառավարական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների աշխատանքներին՝ ընգծելով այդ ձևաչափերով փոխգործակցության կարևորությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման՝ շուրջ 23% աճի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ բելառուս գործընկերների հետ միասին կշարունակվեն ակտիվ աշխատանքները՝ ուղղված այլ ոլորտներում փոխգործակցության զարգա ցմանը:
Անդրադառնալով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցությանը' նախարար Նալբանդյանը նշել է, որ իրականացված են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված գրեթե բոլոր կետերը:
Նախագահ Լուկաշնեկոն խնդրել է իր ջերմ ողջյունները փոխանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ է եղել։ Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային, գիտական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
Զրուցակիցները քննարկել են արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին:
Էդվարդ Նալբանդյանն ու Վլադիմիր Մակեյն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը, քննարկել Հայաստանի և Բելառուսի մարզերի միջև փոխգործակցության զարգացման հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերը համագործակցում են Բելառուսի տարբեր շրջանների հետ:
Նախարարները ընգծել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ:
Հանդիպումից հետո Հայաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարները ստորագրել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2014-2015 թթ. խորդակցությունների ծրագիրը:
Ստորագրման արարողությանը հետևել է Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների ճեպազրույցը լրագրողների հետ:
Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև Մինսկի Հաղթանակի հրապարակ և ծաղկեպսակ դրել Հաղթանակի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին: