ԱՄՆ Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ միջազգայնորեն ավելի մեկուսանալով՝ Անկարան վերափաթեթավորում է Ցեղասպանության ժխտողականությունը։ «Վարչապետ Էրդողանն այսօրվա (երեկվա-խմբ.) իր հայտարարության մեջ ապարդյուն կերպով փորձել է փախչել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից, և ինչ-որ կերպ նվազեցնել դեռևս անպատիժ մնացած միջազգային հանցագործությունը՝ այն իջեցնելով պարզ ու չլուծված երկկողմ հարաբերության մակարդակի։ Ո′չ փաստերը, ո′չ էլ աշխարհում ընդունված օրենքի դրույթները կամ բարոյական նորմերը չեն պաշտպանում այդ աղավաղված տեսակետը։ Փաստը մնում է փաստ, որ կարծրասիրտ և ցինիկ այս խորամանկությունը պարզորոշ ցույց է տալիս, որ Թուրքիան այսօր ավելացնում է ճշմարտության ժխտումը և խոչընդոտում Հայոց ցեղասպանության արդարադատությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնել հայերին: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ թուրքաբնակ և աշխարհասփյուռ հայերի համար հատուկ իմաստ կրող ապրիլի 24-ն առիթ է «այդ խնդրի հետ կապված մտքերն ազատորեն կիսելու» համար:
Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբին' Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էր կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների' լինի թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության: Էրդողանը մարդկության պարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի' այն շրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով' «բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի և արդիության պահանջն է»: