Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ խաղաղություն է մաղթելով 20-րդ դարի սկզբին ցեղասպանությանը զոհ գնացած հայերի հոգիներին: Այս մասին հայտնել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությանը:

 

Էրդողանն ընդգծել է, որ ապրիլի 24-ը հատուկ նշանակություն ունի համայն հայության համար՝ նշելով, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին տեղի են ունեցել ցավալի իրադարձություններ՝ կայսրության միլիոնավոր քաղաքացիների համար՝ անկախ կրոնական ու էթնիկ պատկանելությունից:

 

Թուրքիայի վարչապետը կարևորել է բոլորի (ընդհանուր) ցավի ըմբռնումը՝ մեջբերելով «կրակն ընկած տեղն է այրում» թուրքական առածի խոսքերը և անթույլատրելի համարել 1915 թվականի դեպքերը Թուրքիայի դեմ օգտագործելը: Նա հիշեցրել է, որ Թուրքիան 1915 թվականի դեպքերի հետ կապված առաջարկել է ստեղծել (հայ, թուրք և այլազգի) պատմաբանների համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի խնդրի գիտական հետազոտությամբ: Էրդողանը վերստին հայտարարել է, որ իրենք պատրաստ են բացել իրենց արխիվները և դրանցում առկա հարյուր հազարավոր փաստաթղթերը տրամադրել պատմաբաններին ու հետազոտողներին: