Թուրքիային չի հաջողվի իր այս նոր ոճի քաղաքականության պարագայում միջազգային հանրությանը հրամցնել իր տեսակետները: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

 

«Հայաստանի քայլերը միջազգային ճանաչման ուղղությամբ ուրվագծված են Հայաստանի նախագահի ուղերձում: Հայաստանի ուժը իր միասնական ջանքերի մեջ է»,- ընդգծեց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամը:

 

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում անհրաժեշտ է համակարգված աշխատանք' հատկապես հաշվի առնելով այն, որ մեր հարևան երկրի քաղաքական մտադրությունները բավականին մշուշոտ են:

 

«Սա ցացահայտելու և աշխարհին հրամցնելու խնդիր կա: Այս առումով մեր անելիքները շատ են, և գալիք տարին պետք է մեր ողջ ջանքերն ուղղենք միասնական գործողությունների իրականացմանը»,- ավելացրեց Աշոտյանը:

 

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տասնյակ պաշտոնյաներ լրագրողների հետ զրույցում կիսվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շուրջ իրենց դիտարկումներով: Չի դադարում մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդի բարձրունք: