Ողջ հայությունը համայն Սփյուռքով այսօր իր ջանքերը մեկտեղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Մեր պահանջն է, որպեսզի Թուրքիան ընդունի իր կատարած վայրագությունները, և թույլ չտանք, որպեզի աշխարհում այլևս որևէ տեղ կրկնվի նման բան: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

«Մեր խնդիրը ոչ միայն մեր իրավունքների վերականգնումն է, այլ որպեսզի երբեք նման բան չկրկնվի»,- ընդգծեց Հակոբյանը:

 

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը' նա նշեց, որ կարծում է, Թուրքիայի վարչապետը հերթական անգամ ցանկանում է քողի ներքո ցույց տալ, որ ինքն ինչ-որ բան ընդունում է:

 

«Անընդունելի եմ համարում նրա հայտարարությունը, որովհետև նա փորձում է զոհի և դահճի մեջ հավասարության նշան դնել:
Դա հնարավոր չէ, իսկ Հայոց ցեղասպանությունը ժխտել, չընդունել նշանակում է, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները շարունակում են ոճրագործությունը, որովհետև ակնհայտ ցեղասպանությունը չընդունելը ևս հանցագործություն է»,- ընդգծեց Սփյուռքի նախարարը:

 

Նա հավատում է, որ Թուրքիան պետք է ժողովրդավարացվի, հավատում է, որ թուրքական հասարակությունը պետք է առերեսվի իր ոճրագործության հետ, և հավատում եմ, որ կգա մի օր, երբ Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

«Մենք պետք է հասկանանք, որ 100-ամյակը սկիզբն է այն մեծ ահագնացող գործի, որ կատարելու է հայ ժողովուրդը, որին միանում են հարյուրավոր ազգեր, պետություններ: Օտարների խոսքը ևս շատ էական է, կարևոր այս խնդիրն առաջ տանելու համար»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը:

 

Պատասխանելով Թուրքիայի կողմից հնարավոր հաշտեցման իմիտացիոն քայլերի վերաբերյալ հարցին' Հակոբյանը նշեց, որ հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ որևէ զիջում, համաձայնություն չի կարող լինել ցեղասպանության հարցում, և որևէ հետ նահանջ չի կարող լինել:

 

«Որովհետև մենք հայրենազրկվել ենք, կորցել մեկ ու կես միլիոն մարդ, ենթարկվել մշակութային եղեռնի, իսկ մեր ազգը ցաք ու ցրիվ է եղել աշխարհով մեկ: Թուրքիան ինչ էլ անի, ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- իր դիրքորոշումը հայտնեց Սփյուռքի նախարարը:

 

Անդրադառնալով Սփյուռքի քայլերին' Հակոբյանը նշեց, որ Սփյուռքը 80 տարի առանց մեզ փայլուն աշխատել է' երբեք չմոռանալով Հայ դատը և այսօր ահագնացել է, որովհետև նրան միացել է հայոց պետությունը:

 

«Պետական քաղաքականությունը և Սփյուռքի ցանկություններն այսօր համընկնում են, և ես հպարտ եմ, որ աշխարհի որևէ կետում չկա որևէ հայ, հայկական կազմակերպություն և համայնք, որն այսօր չի պայքարում և իր պահանջներն առաջ չի տանում»,-հավելեց նախարարը: