Թուրքիայի իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովն' անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի ուղերձին' Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: «Թուրքիայի իշխանություններն իրենց ժողովրդին և պետությանն ավելի կօգնեն, երբ օրինակ վերցնեն գերմանական իշխանություններից, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո հստակ ընդունեցին իրենց սխալը և ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից' ճանաչելով Հոլոքոստը»,- ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ անընդունելի է ժողովրդավարական ժամանակաշրջանում խոսել վերջնագրերով և կեղծել պատմությունը: Դիտարկմանը, թե այս պահին Թուրքիայի վրա ճնշում չկա, Շարմազանովը պատասխանեց, որ աշխարհը պետք է գնա ոչ թե երկակի ստանդարտների, այլ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհով: