Ամբողջ աշխարհով սփռված հայերը Հայաստանի կողքին են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Նրանք իրենց գրառումներով կամ ներկայացնում են Ցեղասպանության մասին իրենց ընտանիքների հիշողությունները, կամ պահանջում են ընդունել Ցեղասպանությունը' ընդգծելով, որ այդ ճանապարհին դեռևս շատ բան չի արվել:

 

Երգչուհի Շերը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է. «Ցեղասպանությունը ճշմարտություն է, թեև թուրքերն այն ժխտում են: Բայց դա պատահել է: Ինչպես մենք սպանեցինք բնիկ ամերիկացիներին, այնպես էլ թուրքերը «սպանեցին» հայերին»:

 

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է «Նրանք ընկան» տեսահոլովակը:

 

«Այսօր, ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այս ստեղծագործությունը գրվել է 1975 թվականին Ազնավուրի և Գեորգ Գարվարենցի կողմից' 60-րդ տարելիցի կապակցությամբ: Մինչև օրս, ոչ մի արդարություն, ոչ մի ճանաչում և ոչ մի քավություն»,-նշված է Ազնավուրի էջում:

 

Կինոռեժիսոր Տիգրան Քյոսայանը թվիթերի իր էջում երկու գրառում է կատարել: Նախ անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը: «Կարծես թե առաջին անգամ է, երբ թուրք քաղաքական գործիչը' վարչապետի պաշտոնում, ցավակցում է 1915 թվականի Ցեղասպանության զոհերին: Ուղղակի քա՞յլ»: Այնուհետև Քեոսյանը նշել է. «Այսօր 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Իմ նախնիները փախչում էին Կարսի կոտորածներից: 1,5 միլիոն տանջված մարդիկ: Հավերժ ցավ...»:

 

Նշանավոր շոումեն Միխայիլ Գալուստյանը թվիթերյան իր միկրոբլոգում տարածել է, որ Թուրքիան 2015-ին հատկացնելու է 400 միլիոն դոլար' Ցեղասպանությունը ժխտելու միջոցառումների համար: «24 ապրիլի-Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Հիշում ենք և երբեք չենք մոռանա»,-նշել է Միխայիլ Գալուստյանը:

 

Կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանն ֆեյսբուքյան իր էջում տարածել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը' հավելելով. «99 տարի: Մենք հիշում ենք»: