Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակում առաջարկված պետական կառավարման համակարգի խորhրդարանական մոդելը կարող է փոփոխությունների ենթարկվել հանրային քննարկումներից հետո։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ նշելով, որ այս հարցը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում բավական լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել։
«Իշխանության վերաբաշխման հետ կապված հարցը, իրոք, վիճելի է։ Հայեցակարգի նախագծում մենք առաջարկել էին խորհրդարանական կառավարման համակարգը, սակայն, ինչպես տեսնում ենք, դա միանշանակ չընդունվեց հասարակության շրջանում։ Եթե մենք հանրային քննարկումների ընթացքում հասկանանք, որ այս առաջարկված տարբերակը չի ընդունվում հասարակության կողմից, ապա հնարավոր է պետական կառավարման ձևը մնա անփոփոխ՝ հետագայում ևս այս խնդրին ուշադրություն դարձնելու պայմանով»,-ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այս փոփոխությունն առաջարկվել է՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի մթնոլորտը և իրավակիրառ պրակտիկան։ «Քննարկումների արդյունքում որոշվեց, որ մենք կարող ենք առաջարկել խորհրդարանական կառավարման ձև, որը կարող է լուծել այն խնդիրները, որոնք լուծում չեն ստանում կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում։ Հանձնաժողովը գտնում է, որ որևէ պաշտոնյա չի կարող ունենալ իշխանություն' առանց պատասխանատվության»,-ասաց նա։ Դանիելյանը նշեց, որ առաջարված տարբերակը համարվում է այլընտրանքային և մոտակա մեկ ամսվա ընթացքում պարզ կլինիÕ այն կկրիառվի, թե ոչ։ Իսկ հայեցակարգի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հունիսի 30-ին։
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ապրիլի 10-ին հրապարակել էր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը։ Հայեցակարգում ներկայացված էին այն փոփոխությունները, որ նախագահին ներկայացվելուց և հանրային քննարկումներից հետո, կարող էին տեղ գտնել Սահմանադրության մեջ։