Թուրք գործիչ, «Դյուր Դե» կազմակերպության ներկայացուցիչ Լևանտ Շեմսևերը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ներսից եւ դրսից ճնշման արդյունք է համարում: Նա կարևորեց, որ Էրդողանի հայտարարությունը տեղ բացեց իշխող կուսակցության համար, որ նրանք ավելի ազատորեն արծարծեն հարցը: «Սա Էրդողանի հայտարարությունը չէ, սա պետական հայտարարություն էր, որն արվեց երկու պատճառով. առաջինը' միջազգային ճնշումը, իսկ երկրորդը, որն ավելի կարևոր է, երկրում ներքևից եկող ճնշումն էր քաղաքացիական հասարակության կողմից»,-նշեց թուրք գործիչը:

 

Էրդողանի հայտարարության ընկալումների մասին նա նշեց. «Մենք այս հարցը բավականին քննարկել ենք ստամբուլահայերի, հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Մենք հավաքվել էինք խոսելու 2015 թվականի ծրագրերի մասին, բայց այս հարցը ևս կարևոր էր և քննարկման արժանացավ: Որպես թուրքական կազմակերպության ներկայացուցիչ ես պետք է զգույշ լինեի, պետք է լսեի, թե ինչ էին կարծում հայերը, ինչ էին ասում ստամբուլահայերն ու սփյուռքահայերը, հետո դրանք հանրագումարի բերեի»: Նրա խոսքով' Հայկական բարեգործական ընդհանուր միության Ստամբուլի ղեկավարներից մեկն ասաց , որ այն PR տեքստ էր, և Շեմսևերը համաձայն է դրա հետ: «Հետո մենք հարց ուղղեցինք «Ակոս» շաբաթերթի աշխատակիցներին, նրանք ունեին նույն զգացումը, սակայն երկու կետ էլ ավելացրեցին ասվածին, որ առաջին անգամն է պաշտոնական մակարդակով հայտարարություն արվում հայերի վերաբերյալ: Ի լրումն այս բոլորի' ուզում եմ ավելացնել, որ սա օգնություն էր այն թուրքերի ու քրդերի համար, ովքեր պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-նշեց Լևանտ Շեմսևերը:

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Թուրքիայի կառավարության ինտերնետային կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ թուրքաբնակ եւ աշխարհասփյուռ հայերի համար հատուկ իմաստ կրող ապրիլի 24-ն առիթ է «այդ խնդրի հետ կապված մտքերն ազատորեն կիսելու» համար:

 

Ապրիլի 24-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և ի մասնավորի ասել է. «Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը' զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը»: