Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ոչ միայն հայկական կողմում, այլ նաև որոշ թուրք մտավորականների շրջանում, որոնք նման հայտարարությունը ժամանակավրեպ ու անտեղի են համարում: Նման մտավորականների թվին է դասվում նաև հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականը թուրքական bianet.org կայքին տված մեկնաբանության մեջ իր վերաբերմունքն է արտահայտել Էրդողանի հայտարարության կապակցությամբ:

 

«Բերանումս մի թթու համ թողեց: Ոչ թե Էրդողանի, այլ նրա համար այս տողերը գրած մարդու համար մի երկու խոսք ունեմ. կամրջի տակով շատ ջրեր են հոսել: Այս հայտարարությունը տասը տարի առաջ շատ սրտեր կթարմացներ: Կարծում եմ' կարող եմ լինել թարգմանիչն այն մարդկանց զգացմունքների, ովքեր տարիներ ի վեր այս երկրում կուրծք են դեմ տվել խնդրի ճանաչման համար: Մենք արդեն այն տասը տարի առաջվա մարդիկ չենք»,- հայտարարել է թուրք պատմաբանը ' խորհուրդ տալով բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են 1915 թվականի վերաբերյալ որևէ առաջընթաց ապահովելել, նախ և առաջ ներողություն խնդրել սեփական իշխանության ժամանակ գործած սխալների համար և գոնե այդպիսով նպաստել խնդրի որոշակի առաջընթացին: