Թուրքական կազմակերպությունները բողոքի հայտարարագիր կներկայացնեն Թուրքիայի կառավարությանը պոլսահայ լրագրող Սևան Նիշանյանի բանտարկության վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' ասաց Թուրքիայում հայերի նկատմամբ խտրականության դեմ պայքարող «Դյուր Դե» կազմակերպության ներկայացուցիչ Լևանտ Շեմսևերը:
«Պետք է ասել, որ կա մեծ արշավ համապատասպան բողոքի հայտարարագիր ներկայացնելու Թուրքիայի կառավարությանը' հաջակցություն Սևան Նիշանյանի: Սա մեծ հարց է Թուրքիայում, որը վերաբերում է խոսքի ազատությանը: Հակասական իրավիճակ է ստեղծվել, Սևան Նիշանյանին դատապարտում են նրա համար, որ նա ատելության ոգով հայտարարություն է արել, բայց ինքը հենց ատելության զոհ է»,-ասաց թուրք գործիչը:
Նա համամիտ է Սևան Նիշանյանի նշած այն մտքի հետ, որ իրեն բանտարկել են հայ ու սոցիալիստ լինելու համար: «Ես էլ եմ կարծում, որ նա բանտում է հայտնվել ու կառավարությունը նման որոշում է ընդունել նրա հայ լինելու պատճառով»,-հավելեց Լևանտ Շեմսևերը:
Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան, գրող, լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը ծնվել է 1956 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայի համալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով' իր հուշագրությունները հանձնել է թղթին և գրքեր է հրատարակել: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնել հյուրանոց: Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցել է մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինարարություն»: Թուրքական դատարանը Սևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվա ազատազրկման:
Նիշանյանն իր պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում: Այնուհետև նրան տեղափոխել էին Իզմիրի Բուջա փակ բանտ: Այստեղ նա քնում էր բետոնե հատակին: Սակայն կարճ ժամանակ անց Նիշանյանի բանտային ոդիսականը շարունակվել էր և վերջինիս տեղափոխել էին Ալիաղայի փակ բանտ:Վերջերս սկսվել է ստորագրահավաք' Նիշանյանի բանտային պայմանները բարելավելու և նրա դեմ տեղի ունեցող ճնշումները դադարեցնելու նպատակով: Հիմնվել է նաև «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտե: