Լիբանանում «Ա. Պէ. Սէ. Աշրաֆիե» հանրախանութի կինոյի սրահի մուտքի մոտ մարտի 18-ին թուրք ապահովական ուժերի և հայ երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը և Լիբանանի երիտասարդական միությունը որոշել են դատական հայց ներկայացնել՝ հայտնելով, որ թուրքական դեսպանատան անվտանգության բաժնի պաշտոնյաները խաղաղ ցույց կազմակերպած հայ երիտասարդներին կոպիտ են արձագանքել՝ դաշունահարելով և դանակահարելով դաշնակցական երկու երիտասարդների:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: Այս առիթով հրապարակած իր հաղորդագրության մեջ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական ճյուղերը հաստատել են, որ ցույցի նպատակը ոչ միայն «Վերջին նամակը» («Սոն մեքթուփ») ֆիլմի ցուցադրությունն արգելելն էր, այլև Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով պատգամ փոխանցելը:
Ավելի վաղ՝ մարտի 18-ի երեկոյան, Բեյրութում դաշնակցական երիտասարդների և թուրքական դեսպանատան ապահովական ուժերի միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Դաշնակցական երիտասարդների՝ ԼԵՄ-ականների և ԶՈՄ-ականների 60-հոգիանոց խումբը բողոքի ցույց է կազմակերպել Բեյրութի «Ա. Պէ. Սէ. շրաֆիե» հանրախանութի կինոյի սրահի մուտքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար թուրքական դեսպանատան կողմից կազմակերպված «Սոն Մեքթուփ» («Վերջին նամակը») թուրքերեն ժապավենի ցուցադրությունը: Ժապավենը Գալիպոլիի ճակատամարտի մասին է, որի 100-ամյակն օգտագործելով՝ թուրքական արտաքին քաղաքականությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից և Թուրքիայի կատարած ոճրից: