Շվեդիայի ոստիկանությունը պարզել է այն մարդու ինքնությունը, ով փորձել էր առեւանգել Կոպենհանգեն-Օսլո չվերթն իրականացնող ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, առեւանգման փորձ կատարողն Ադրբեջանի քաղաքացի Ռամին Մուսաեւն է:

Կոպենհանգեն-Օսլո չվերթի ուղեւոր Ռամին Մուսաեւն օրերս իրագործված թռիչքի ժամանակ սկսել էր գոռալ, որ իր ուղեբեռում ռումբ կա: Ինքնաթիռը շտապ վայրէջք էր կատարել շվեդական Գյոթեբորգ քաղաքում, եւ չարագործը ձերբակալվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ռադիոկայանը հայտնել է, որ դա Ռամին Մուսաեւի ինքնաթիռ առեւանգելու առաջին փորձը չէ: 1993թ. իր ընտանիքի հետ Տյումեն-Սանկտ Պետերբուրգ չվերթով թռչելու ժամանակ եւ Ռամին Մուսաեւը օդաչուներին սպառնացել էր պայթեցնել ինքնաթիռը եւ պահանջել ուղղություն վերցնել ԱՄՆ:

Այն ժամանակ նրա պահանջները մասնակիորեն կատարվել էին, եւ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Ստոկհոլմի օդանավակայանում: Ռամին Մուսաեւն ընտանիքի հետ միասին քաղաքական ապաստան էր խնդրել Շվեդիայում, բայց ձերբայկալվել եւ արտաքսվել Ռուսաստան: