Lragir.am Ջորջ Ֆրիդմանը՝ Տեխասի Stratfor վերկուծական ծառայության ղեկավարը, որը ստեղծվել է 1996 թ. եւ հավակնում է գլոբալ ինտելեկտուալ կենտրոնի դերին, մեծ երեւակայող է, սակայն բավական խորաթափանց վերլուծաբան: Նա հրապարակել է մի հոդված, որը վերաբերվում է Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի հարեւան երկրներում սպասվող զարգացումներին (From Estonia to Azerbaijan: American Strategy After Ukraine, by George Friedman Tuesday, 25 March 2014).
Հեղինակը դիտարկում է Ռուսաստանի աշխարհքաղաքական շրջափակման հեռանկարները ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ռազմական ծախսերի կրճատման, դաշինքում որոշակի անհամաձայնությունների պայմաններում, երբ հարկ է վերանայել մի շարք պետությունների դերը, որոնք շրջապատում են Ռուսաստանին, վերջինիս էքսպանսիան զսպելու նպատակով:
Կարծես թե նոր մտքեր չեն, սակայն հոդվածը հետաքրքրիր է Օբամայի քաղաքականության եւ Ուկրաինայի իրադարձությունների պայմաններում: Հոդվածի բովանդակությունը չենք շարադրի, քանի որ այն կարելի է կարդալ, եւ կցանկանայինք առաջարկել մեր տեսակետն այդ հեռանկարի վերաբերյալ:
Օբամայի նախագահության ընթացքում ԱՄՆ-ն երկու անգամ փոխել է Ռուսաստանի հանդեպ քաղաքական կուրսը: Մայքլ Մակլոֆի հայեցակարգը (ԱՄՆ նախկին դեսպանը Ռուսաստանում) ուղղված էր ՌԴ արտաքին քաղաքական հավակնությունների «մեղմ» զսպմանը, որը քիչ էր տարբերվում Բուշի օրոք պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հայեցակարգից, որը Ռուսաստանին անտեսելու խնդիր էր դրել, Ռուսաստանին դիտարկելով որպես երկրորդական պետություն եւ երկրորդական խնդիր:
Ռուսաստանն արդեն 14 տարի փորձում է դիմակայել այդ հայեցակարգի տարբեր դրսեւորումներին: ՆԱՏՕ-ն իսկապես պատրաստ չէ եւ ցանկություն չունի Ռուսաստանին զսպելու համարժեք ջանքեր գործադրել Արեւելյան Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում, ինչը կպահանջի ռազմական ծախսերի ավելացում: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ներկայում եւ թերեւս միջնաժամկետ հեռանկարում չունեն այլ մոտեցում, բացի Բալթյան պետությունների, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի «շրջափակող հնարավորություններն» ավելացնելուց:
Առավել եւս, որ Թուրքիայի ու Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները բավական լարված են եւ հեռու են առկա խնդիրների լուծումից: Այնպես որ, Թուրքիան ինքը, իր կամքով, նվազագույն արտաքին նախաձեռնության դեպքում կգերադասի աջակցել Ռուսաստանի շրջափակման քաղաքականությանը: Թուրքիան ինչպես երբեք շահագրգիռ է այդ քաղաքականությամբ, ընդ որում նա Ռուսաստանից զիջումներ է կորզում Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում: Բացի այդ, Թուրքիայի ներգրավումն այս քաղաքականությանը բարձրացնում է նրա դերն ու պահանջները տարածաշրջանում ու աշխարհում:
Հարավային Կովկասի երկու ինքնիշխան պետութուններից՝ Վրաստանից ու Ադրբեջանից, ամենամեծ արժեքը Ռուսաստանի շրջափակման քաղաքականության մեջ կարող է ունենալ Ադրբեջանը, որի վրա էլ ներկայում արվում է գլխավոր խաղադրույքը, այսինքն մի իրողություն, որը նախկինում չի եղել եւ առաջացել է անմիջապես ԱԼԳ Վիլնյուսի վեհաժողովից հետո, երբ Արեւելյան գործընկերության նախագիծն ապակազմակերպվեց, իսկ Վրաստանը միայնակ ի վիճակի չէ կատարել դրված խնդիրը:
Ադրբեջանը հարմար տարբերակ չէ Արեւմուտքի համար, եւ ոչ այնքան վաղուց նրան դասում էին կենտրոնասիական պետությունների շարքին: Սակայն Արեւմուտքը ներկայում այլընտրանք չունի Հարավային Կովկասում: Սակայն Ադրբեջանի ոճը լավ հայտնի է միջազգային ասպարեզում, նա այդ ծառայությունների դիմաց կպահանջի իր «իրավունքները», առավել եւս, երբ խոսքը Ռուսաստանի վասալների դիրքերը խարխլելու մասին է:
Արեւելյան գործընկերության նախագծի տապալման արդյունքում Ադրբեջանը եւ Թուրքիան անսպասելի ու թանկ նվեր ստացան, եւ իհարկե կկարողանան օգտվել դրանից:
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում վարում է բազմազան գործունեություն, որը բաժանված է երկու ոճի եւ բովանդակության: Առաջին ուղղությունն ինքնիշխան պետությունների իրական ինտեգրումն է, երկրորդը՝ Ռուսաստանին նյարդայնացնելը նրա վասալ երկրներ պատվիրակություններ ուղարկելով: Ընդ որում, ներկայում Ռուսաստանի հետ վասալների հարաբերությունները դիտարկվում են արդեն ոչ թե ժամանակավոր կամ մարտավարական, այլ թշնամական, եւ Ռուսաստանի մեկուսացման եւ նրա տնտեսությունը փլուզելու քաղաքականությունը տարածվում է նաեւ նրա վասալների վրա:
Stratfor-ը, չնայած ժանրի որոշակի ճգնաժամին (այնուամենայնիվ, արդեն 18 տարի է գոյություն ունի, մարդիկ կարող են հոգնել), միշտ իրադարձություններից առաջ է ընկնում, վերլուծական հանրությանը դինամիկա հաղորդելով: Երեւում է, Ռուսաստանին շրջափակելու հայեցակարգը ստանում է նոր բովանդակություն:
Ներկայում ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի խնդիրն է դառնում ԱՄՆ ներքաղաքական պայքարի կարեւոր ուղղություն ու լծակ: Հանրապետականները «ռուսական գործոնը» բաց չեն թողնի: Պուտինը, հասկանալով, որ Դեմոկրատներին այս փուլում աջակցություն է պետք, փորձում է օգտվել այդ հնարավորությունից:
Օբաման Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Երեւում է՝ փոխադարձ շահեր կան: Պուտինը, երեւում է, շահագրգռված է եղել նավթի ու գազի գների ու աշխարհքաղաքական ու տնտեսական շրջափակումը թույլ չտալու հարցում: Օբաման շահագրգռված է Դեմոկրատական կուսակցությունից իր իրավահաջորդի հաջող ընտրության, ինչպես նաեւ իր արտաքին քաղաքականությունն արմատապես չփոխելու հարցում:
Ո՞ւմ կողմից է ներկայում Ջորջ Ֆրիդմանը:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ