Ուկրաինացի լրագրողներն, ովքեր եղել են Ռուսաստանում և «գտել են» առանձնատունը, որն իբր թե պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, պնդում են, որ այն շտապ կերպով վաճառվում է: Նրանց տեղեկություններով՝ այդ տարածք մտնելու համար անհրաժեշտ է հատուկ անցաթուղթ կամ տեղացի բնակիչների թույլտվությունը: Այս մասին գրում է ura-inform.com-ը:
Այդ տան հարևանությամբ գտնվում են Կրիստինա Օրբակայտեի նախկին ամուսնու՝ Ռուսլան Բայսարովի, Ալեքսանդր Ժուկովի, «Ռոսնեֆտի» էքս նախագահ Սերգեյ Բոգդանչիկովի ընտանիքի և Արա Աբրահամյանի տները: Այդ տարածքում կա նաև լիճ և սոճիների անտառ: Դրանից ոչ հեռու էլ՝ մի քանի կիլոմետր հեռավորության վրա էլ գտնվում է «Մայենդորֆ պալատը», որը հանդիսանում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի բնակավայրը: Իսկ ահա Ժուկովկայի սովորական բնակիչներն իրենց հերթին պատմել են, որ Վիկտոր Յանուկովիչին այդտեղ չեն տեսել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախկին նախագահը Ռուսաստան տեղափոխվելուց անմիջապես հետո Բարվիխայում բնակարան է գնել՝ 52 միլիոն դոլարով: