Ազգային ժողովի ոչ իշխանական «քառյակը» ապրիլի 30-ին նիստ է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է նաև ԲՀԿ խմբակցության պահվածքը ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ, երբ խմբակցությունը որոշեց մասնակցել քվեարկությանը: Այս մասին «քառյակի» հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «ԲՀԿ պատգամավորներն ասացին, որ այդ հարցը պետք է քննարկեն իրենց կուսակցության ներսում: Կքննարկեն, հետո մենք կցանկանանք լսել նրանց մոտեցումները»,- ասաց Հակոբյանը:

 

Նա չցանկացավ գնահատականներ հնչեցնել ԲՀԿ-ի այդ քայլի վերաբերյալ' համարելով, որ կոռեկտ չէ գնահատական տալ քառյակից որևէ ուժի գործողություններին, քանի որ գիտակցում են, որ առավել կարևոր է միասնական համագործակցությունը: «Այն, ինչ տեսնում եմ, որոշակիորեն ԲՀԿ-ի ներսի խնդիրն է, ես ծայրահեղ գնահատականներ չէի տա»,- նշեց Հակոբյանը:

 

ԱԺ նախագահի ընտրությունների հետ կապված քառյակը միասնական դիրքորոշում չի ունեցել, և Հակոբյանի խոսքով' քառյակն ունի սկզբունք, որ եթե որևէ հարց չի մտնում միասնական օրակարգ, ապա յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր գործողություններում:

 

Չորս քաղաքական ուժերը' ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» համագործակցելու են, քանի որ կան շատ ավելի կարևոր հարցեր, այնուամենայնիվ, Ռուբեն Հակոբյանի կարծիքով, իհարկե, լավ կլիներ, որ չլինեն այնպիսի հարցեր, որոնք կարող են թուլացնել չորս ուժերի միասնականությունը: