Ֆրանսիական ITL հեռուստաալիքի մոսկովյան գրասենյակի թղթակից Իրինա Վոլոշինան այսօր արտաքսվել է Բաքվից: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

Նա առավոտյան ժամը 5-ին Բաքու էր ժամանել Մոսկվայից, որպեսզի հեռուստառեպորտաժ պատրաստի իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին: Սահմանային հսկողության կետ չհասած, առանց բացատրությունների նրան վերադարձրել են ինքնաթիռ: Վոլոշինային առավոտյան ժամը 10-ին հետ են ուղարկել Մոսկվա: Այս մասին «Թուրան»-ին հայտնել է Լեյլա Յունուսը, ում հետ ֆրանսիացի թղթակիցը հեռախոսակապի մեջ է եղել: Վոլոշինան Ֆրանսիայի քաղաքացի է:

 

Հայտնի իրավապաշտպան, Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ֆրանսիական Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ Լեյլա Յունուսը եւ նրա ամուսինը, կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը ապրիլի 28-ին Ադրբեջանի իրավապահների կողմից բերման են ենթարկվել Բաքվի օդանավակայանից, երբ նրանք մեկնում էին Բրյուսել' մասնակցելու միջազգային գիտաժողովի: Լեյլա Յունուսը բերման է ենթարկվել որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ' Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքին դավաճանության» հոդվածով: Ոստիկանության աշխատակիցները Լեյլա Յունուսի դեմ անձը նվաստացնող գործողություններ են կատարել: Տեղի ունեցած ապօրինությունների արդյունքում Արիֆ Յունուսը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ իբր համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: