Մարդու իրավունքների գծով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլս Մուժնիեքսը դատապարտել է Բաքվում ոստիկանության կողմից ֆրանսիացի լրագրողներ Լորեն Ռիշարին եւ Էմանուել Բախին բերման ենթարկելու եւ նրանց պատրաստած նյութերն ու աշխատանքային սարքավորումներն առգրավելու դեպքը, ինչը մեծ արձագանք էր առաջացրել միջազգային մամուլում:

 

Մուժնիեքսը Twitter-ի իր էջում գրել է. «Անհանգստացած եմ Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների բերման ենթարկելով եւ նյութերի առգրավումով: Դա մամուլի ազատության եւ մարդու իրավունքների նկատմամբ հերթական հարվածն է այդ երկրում»:

 

Լրագրողները, որոնք լուսաբանելու էին եկել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն Ադրբեջան, բերման էին ենթարկվել Բաքվի օդանավակայանում Փարիզ թռչելու ժամանակ: Մայիսի 15-ին հատուկ ծառայությունների աշխատակիցները նրանցից խլել են նկարահանող սարքավորումը եւ պատրաստված նյութերը, իսկ նրանց ստիպողաբար նստեցրել Փարիզ թռչող ինքնաթիռ:

 

Ֆրանսիայի Premier Lignes հանրային հեռուստաալիքի լրագրողներն աշխատել էին Ադրբեջանում մարդու իրավունքների եւ տնտեսական վիճակի մասին պատմող նյութերի վրա: Լրագրողներին Բաքվում բերման են ենթարկել այն օրը, երբ Ադրբեջանը ստանձնում էր Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 6-ամսյա ժամկետով նախագահությունը:

 

Premier Lignes հանրային հեռուստաալիքի հետազոտական ծրագրի գլխավոր խմբագիր Բենուա Բրինջերը BBC-ին հայտնել է, որ ֆրանսիացի լրագրողները, որոնք Օլանդի այցից հետո որոշել էին Բաքվում մնալ եւս երկու օր, չեն ցանկացել Փարիզ վերադառնալ առանց իրենց կատարած աշխատանքի արդյունքների, սակայն, ադրբեջանցի իրավապահները նրանց հարկադրաբար նստեցրել են Ֆրանսիա թռչող ինքնաթիռ: Բրինջերը չգիտի ֆրանսիացիների ձեռքից նյութերը խլվելու պատճառը:

 

«Կարող է ընդամենը միայն մեկ պատճառ լինել. երեւի դա կապված է նկարահանված եւ պատրատված նյութերը նրանց կողմից չտարածելու Ադրբեջանի իշխանությունների ցանկության հետ, ինչի համար նրանք դա կանխել են», -ասել է Բրինջերը եւ հավելել, որ եթե ԵԽ-ում նախագահությունը ստանձնած Ադրբեջանը նման մեթոդով խոչընդոտում է երկրում տեղի ունեցող իրադարձությունները հասարակությանը հասցնելու լրագրողների ջանքերին, ապա դա ինքնին ցույց է տալիս Ադրբեջանում մարդու իրավունքների եւ մամուլի ազատության իրական վիճակը: «Դա շատ վատ է Ադրբեջանի հեղինակության համար& raquo;, -նշել է նա: