Ֆրանսիայի խորհրդարանի իշխող սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո դը Ռուն դատապարտում է Ադրբեջանի ընդգծված հակահայկական քաղաքականությունը, որը խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին: Այս մասին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո: «Նա նաև կարծում է, որ ապագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է դառնա բանակցային կողմ: Ես սա պաշտոնական Փարիզի տեսակետն եմ համարում, քանի որ նա Ֆրանսիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավարն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

 

Նրա խոսքով' Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին իրենք համատեղ ջանքերով կարող են հասնել վերջնական նպատակին: Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ 2001թ.-ին Բրյունո դը Ռուն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ օրինագծին:

 

Վահրամ Բաղդասարյանը կարևորեց նաև Նյուպորտում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի հետ միասին քննարկվել է նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Բաղդասարյանի խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման ջատագովներից է նաև Ֆրանսիայի Նախագահը, քանի որ այդ երկիրը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է: