Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ հայերի մասին արած վերջին ռասիստական հայտարարությունը լայն քննարկման պատճառ է դարձել: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (ԺԴԿ) ընտրված Գարո Փայլանը ներքին գործերի, առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների բյուջեների քննարկման ժամանակ վարչապետին խիստ քննադատության է ենթարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Փայլանը ցույց է տվել մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է պատի վրա գրված «հայ վիժվածքներ»: «Դժբախտաբար, սա միայն անվտանգության ուժերը չեն անում»,- նշել է նա: Պատգամավորը հիշեցրել է Դավութօղլուի հայտարարությունը, որում վարչապետը, քննադատելով ԺԴԿ-ին, ասել էր. «Հայերի հրոսակախմբերի նման գնում են ռուսների հետ համագործակցելու»: «Այսօր թուրքերը համագործակցում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Եթե ես ասեմ «թուրքական հրոսակախմբեր», դա կլինի ռասիստական արտահայտություն: Պարոն վարչապետը բացեիբաց ռասիստական արտահայտություն է արել»,- նշել է Փայլանը:
Ի պատասխան Փայլանի այս խոսքերի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության ղեկավար Նաջի Բոստանջըն պաշտպանել է Դավութօղլուին՝ ասելով, թե «իրականում հենց Փայլանն է ատելություն սերմանող հայտարարություն անում»: