Վիեննայում հանդիպել են Ռուսաստանի ժուռնալիստների միության, Independent media ուկրաինական կազմակերպության և Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միության նախագահները' Ուկրաինայում աշխատող լրագրողների անվտանգության խնդիրները քննարկելու ու մասնագիտական ստանդարտների բարելավման ուղիներ փնտրելու նպատակով: Լրատվամիջոցների ազատության գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննարկմանը կոչ է արել պահպանել հանդուրժողականություն, սթափություն և քննադատել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակման և բռնության դեպքերը: Նա նշել է, որ իրենց գրասենյակը նոյեմբերից սկսած ստացել է լրագրողների դեմ բռնության, ծեծի, առևանգման ավելի քան 300 դեպքի մասին հաղորդում:

 

«Իրավապահ մարմինները չեն կարողանում ինչպես հարկն է պահպանել լրագրողների անվտանգությունը, քանի որ վերոնշյալ դեպքերից որևէ մեկը մինչև այժմ չի բացահայտվել և մեղավորները չեն պատժվել»,- հայտարարել է Միյատովիչը:

 

«Մենք պահանջում ենք, որպեսզի իշխանություններն ու զինված ուժերը լրագրողներին չդիտարկեն որպես հակամարտության մասնակիցներ: Մենք ճշմարտության և մեր մասնագիտության կողմնակիցներն ենք: Վստահ ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի կազմակերպությունների միջև ընթացող քննարկումների շնորհիվ կկարողանանք աջակցել մեր գործընկերներին»,- հայտարարել է Ուկրաինայի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնակատար Սերգեյ Տոմիլիենկոն:

 

Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Նադեժդա Աժգիխինան էլ հայտարարել է, որ Վիեննայի հանդիպումը հետագա համագործակցությանն ուղղված կարևոր քայլ է, որը պետք է իրականացրել անգամ այս բարդ ժամանակահատվածում:

 

Հանդիպման ավարտին մասնակիցները ստորագրել են համաձայնագիր, որտեղ նշել են լրագրողների անվտանգությունն ապահովելուն ուղղված հետագա քայլերի հաջորդականությունը: