Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է շփման գծում տեղի ունեցող բռնությունները, որոնց արդյունքում հուլիսի 31-ից ի վեր մեծ թվով զոհեր են եղել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Վիեննայում նման հյատարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Հարրի Ռոբինսը' վշտակցություն հայտնելով ԱՄՆ կառավարության անունից զոհվածների և վրավորվածների հարազատներին:

 

ԱՄՆ դեսպանը կոչ է արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը մեղմելու ուղղությամբ և հարգելու հրադադարի դրույթները: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկիր' Միացյալ Նահանգները կշարունակի աջակցություն ցուցաբերել բոլոր կողմերին' Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման հասնելու գործում»,- նշել է Ռոբինսը' բացառելով հակամարտության ռազմական լուծումը: Նրա խոսքով' ԱՄՆ-ը ողջունում է անցած շաբաթ Սոչիում կայացած հանդիպումը և երկու նախագահների հանձնառությունը շարունակելու երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Մենք կոչ ենք անում կողմերին քաղաքական կամք դրսևորել և կառուցողական բանակցություններ վարել, ինչպես առաջարկել է ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահությունը' կենտրոնանալով այն օգուտների վրա, որ խաղաղությունը կարող է բերել ողջ տարածաշրջանում»,- ամփոփել է ամերիկացի դիվանագետը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը կայացել է օգոստոսի 10-ին Սոչիում: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին, Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր: