ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հատուկ հայտարարությամբ դիմել է ուկրաինական հակամարտության կողմերին՝ պահանջելով կանգնեցնել բռնության հերթական ալիքը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես կոչ եմ անում կողմերին՝ անհապաղ իրենց ջանքերն ուղղորդել լարվածության թուլացմանը, պահպանել հրադադարի ռեժիմը եւ գործակցել ԵԱՀԿ-ի հետ Մինսկի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- հայտարարել է նա:
«Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն ոչ թե մարտի դաշտում, այլ շփման խմբի կողմից»,- ընդգծել է Դաչիչը ուղերձում, որը հրապարակված է կազմակերպության կայքում:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա նաեւ «խստիվ դատապարտել է ուժի կիրառումը» եւ հորդորել է կողմերին «հանդես բերել առավելագույն զսպվածություն եւ ապահովել հրադադարի կայուն ռեժիմ»:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն է հայտնել Դոնեցկի օդանավակայանի շրջանում մարտական գործողությունների սաստկանալու կապակցությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերին: Նա կոչ է անում բոլոր կողմերին կատարելու Մինսկի արձանագրության եւ հուշագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները եւ, որպես առաջին քայլ, անհապաղ եւ ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները: