Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը չի բացառում, որ Ուկրաինայի իրադրությունը կարող է զարգանալ «շատ մռայլ սցենարով», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք ներկա պահին գտնվում ենք վտանգավոր ռազմական դրության մեջ՝ հարավում մարտերի սաստկացմամբ, եւ, իրոք, կարելի է շատ մռայլ սցենարներ պատկերացնել»,- նշել է նա շվեյցարական PTC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Ուկրաինայի ներկա իրադրությունը, որտեղ չեն դադարում կառավարական ուժերի եւ աշխարհազորայինների բախումները, Բուրկհալտերը բնութագրել է որպես «զգայուն ժամանակաշրջան», ընդգծելով դիվանագիտական ջանքերի կարեւորությունը:

 

«Մենք՝ որպես ԵԱՀԿ, չկարողացանք իրապես վերջ դնել այդ լարվածությանը, այսինքն՝ ազգային ուկրաինական երկխոսություն սկսել»,- խոստովանել է նա: «Հենց դրա համար էլ շատ կարեւոր է ակտիվացնել դիվանագիտական շփումները,- ասել է Բուրկհալտերը:- Մենք պատրաստ ենք հանդես գալ դիվանագիտական նոր նախաձեռնությամբ: Շվեյցարիան միշտ էլ պատրաստ է տրամադրել իր հարթակը»:

 

Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ առայժմ «անհրաժեշտ պայմաններ չկան այնպիսի կարեւոր հարցերի շուրջ առարկայական երկխոսություն սկսելու համար, ինչպիսիք են հրադադարը, սահմանների նկատմամբ հսկողությունը, պատանդների ազատումը, զինաթափումը, եւ ազգային երկխոսության գործարկումը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: