Ուկրաինայում Եվրակազմակերպության դիտորդական առաքելությունը կարող Է 100-ից ընդլայնվել մինչեւ 500 հոգի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխման կենտրոնի ղեկավար Ադամ Կոբերացկին:
«Սկզբնապես պատվիրակության կազմը բաղկացած Է 100 մարդուց: Մենք հնարավորություն ունենք այս պատվիրակությունն ընդլայնելու մինչեւ 500: Մենք ցանկանում ենք, ամենից առաջ, հնարավորինս արագ տեղաբաշխել դիտորդներին: Երբ նրանք սկսեն աշխատել, մենք պատրաստ ենք մեկ-երկու շաբաթ հետո ընդլայնելու այդ պատվիրակությունը»,- ասել Է Կոբերացկին ապրիլի 2-ին Խարկովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ արդեն Խարկով Է ժամանել երկու դիտորդ, եւս ութը պետք Է ժամանեն օրվա ընթացքում:
Կոբերացկին ընդգծել Է, որ խոսքը վերաբերում Է ոչ թե զինվորական, այլ քաղաքացիական դիտորդներին, որոնց նպատակն Է առավելագույնս լիակատար տեղեկատվություն ստանալ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
ԵԱՀԿ-ի դիտորդական պատվիրակությունն Ուկրաինայում տեղաբաշխվում Է 6 ամիս ժամկետով՝ սկսած մարտի 21-ից: Դրա տեւողությունը կարող Է երկարաձգվել ըստ անհրաժեշտության:
Սկզբնապես 10-ական դիտորդներ կաշխատեն Լվովում, Կիեւում, Իվանո Ֆրանկովսկում, Չեռնովցիում, Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում, Օդեսայում, Խարկովում եւ Դնեպրոպետրովսկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: